Ճամփորդություն դեպի Կոտայք

Ես կրկին և կրկին գնացի ճամփորդության: Այս անգամ գնացինք Կոտայք, որը Հայաստանի տասը մարզերից մեկն է: Կոտայքի կենտրոնն է Հրազդան քաղաքը: Այս անգամ մենք ճամփորդում էինք չորրորդ դասարանցիների և իրենց ուսուցչուհի ընկեր Սոնայի հետ: Դասընկերներս ավտոբուսի պատուհաններից նկարներ ու վիդեոներ էին անում ճանապարհին:

Մենք գնացինք Ծովինար ջրամբար: Ջրամբարը մարդու կողմից ստեղծված արհեստական լիճ է: Այնտեղ ջուր են ամբարում, հավաքում: Հիմնականում ջուրն օգտագործում են ծառերն ու բուսականությունը ջրելու համար, հատկապես այն ամիսներին, երբ ջուրն ու անձրևները քիչ են: Ջրամբարը փոքր էր, շրջապատված էր խոտերով և շատ քիչ ծառերով: Տեսարանը գեղեցիկ էր ու խաղաղ: Ջրամբարի մեջ գտնվում է Ծովինարի արձանը: Ծովինարը՝ Սանասարի և Բաղդասարի մայրը, ջրի և ծովի աստվածուհին էր: Դրա համար էլ ջրամբարը կոչվում է Ծովինար: Ես նկարեցի Ծովինարի արձանը:

Ըստ ավանդույթի, շրջան կազմեցինք, քանի որ շրջանը էներգիայի նշանն է: Եվ երեք անգամ ձայնեցինք՝ « հե՜յ, սեբաստացինե՛ր»:

Նախաճաշից հետո բարձրացանք անտառապատ սարը: Բոլորն ասում էին, որ շատ դժվար էր, շա՜ատ դժվար, բայց ինձ համար մի քիչ ավելի հեշտ էր: Բարձրացանք սարի գագաթը: Գագաթին խաղում էինք ֆուտբոլ: Ֆուտբոլ խաղալիս ես դարպասապահն էի: Իջնելիս և բարձրանալիս անտառը աշնան մեջ էր, տերևները գույնզգույն էին և թափված: Ֆուտբոլից և մյուս խաղերից հետո մտանք Թեժառույքի վանքը: Այնտեղ շատ մութ էր, կարծես ամեն ինչ սև էր ներսում: Ընկեր Սոնան մեզ պատմեց, որ այս վանքը համարվում է խոնարհված եկեղեցի: Դա նշանակում է, որ այս վանքում այլևս հարսանիքներ, տոներ և նման բաներ չեն նշում: Վանքը շատ հին էր: Վանքի առաստաղը բարձր էր, գմբեթավոր չէր, իսկ բեմը շատ ցածր էր: Մենք վանքից դուրս եկանք հետ-հետ քայլելով, որ մեր հայացքը լինի դեպի բեմը:

Մենք նաև գնդակով ուրիշ խաղեր էինք խաղում: Օրինակ՝ նստում էինք իրար հետև և առջևում նստածը գնդակը փոխանցում էր հետևում նստածին և այդպես շարունակ: Երբ գնդակը հասնում էր վերջին մասնակցին, նա գալիս նստում էր առջևում, գնդակը փոխանցում հետևում նստածին և այդպես շարունակ: Էլի մի քանի խաղ խաղացինք: Խաղերը մեզ համար կազմակերպում էին մեր ուսուցիչները՝ ընկեր Մադլենը և ընկեր Լուսինեն: Բոլոր խաղերն ինձ դուր եկան: Բայց արդեն տուն վերադառնալու ժամանակն էր: Եվ այդպես էլ արեցինք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով