Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք կրկին գնացել էինք ճամփորդության դեպի Արա լեռ՝ Ծաղկեվանք: Ես ուրախ էի, որ գնալու էինք ճափորդության: Մի քանի ամիս առաջ ես ընտանիքիս հետ բարձրացել եմ Արա լեռան գագաթը: Բայց դա այս ճամփորդությանը չէր: Հետո կպատմեմ դրա մասին:

Իսկ հիմա կպատմեմ այս ճամփորդության մասին: Եղանակը շատ լավ էր: Ավտոբուսի մեջ երգելով գնացինք: Մենք երկու երգ երգեցինք, որոնցից ես միայն «Կաքավները» լավ գիտեի: Շուշանն ամբողջ ճանապարհին ծիծաղում էր, բայց վերջում էլ չէր ծիծաղում: Վերջապես հասանք տեղ: Ավտոբուսից դուրս եկանք ու սկսեցինք քայլել: Քայլեցինք, քայլեցինք, հասանք ալոճի ծառին և քաղեցինք: Ես չքաղեցի, քանի որ կոշիկս խրվում էր ավազի մեջ: Ալոճի ծառը վերևում էր, պետք է մի քիչ բարձրանայինք քաղելու համար: Ես ծառը տեսա, որովհետև ընկեր Լուսինեն քաղում էր ու բոլորը գնում էին այդ ուղղությամբ: Ընկերներս կերան ալոճ, բայց ես՝ ոչ:

Արդեն ահագին քայլել էինք: Բոլորն արդեն հոգնել էին, բայց ես՝ ոչ: Ու զարմանում էի, թե ինչու էին հոգնել, որովհետև արշավը դժվար չէր ինձ համար: Քայլեցինք, քայլեցինք, հասանք մասուրի ծառին: Լեոն ուզում էր քաղել, բայց ընկեր Մադլենն ասաց, որ պտուղը թունավոր է:

Հետո ես ու Ավետն այնքան արագ էինք քայլում, որ առաջ էինք անցել մյուսներից ու հանդիպել այլ սեբաստացիների: Վերջապես հասանք հանգստի վայր, չնայած ես չէի ուզում հանգստանալ: Ուզում էի բարձրանալ Ծաղկեվանք: Բայց դե հանգստացանք, մի լավ հաց կերանք: Կարծես՝ մենակ ես հաց կերա, մյուսները միայն քաղցր կերան: Հետո արդեն աստիճաններով բարձրացանք Ծաղկեվանք: Ճանապարհին ու աստիճանների վրա ամեն տեղ շուկա կար: Վաճառում էին խաղալիքներ, եկեղեցական բաներ, գրքեր:

Ծաղկեվանքի մասին մի լեգենդ կա:
Լինում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ: Մի իշխան սիրահարված է լինում Ծաղիկին և ուզում է նրա հետ ամուսնանալ: Բայց Ծաղիկը չէր ուզում ամուսնանալ իշխանի հետ: Ծաղիկը որոշում է թաքնվել մի քարանձավում: Բայց հովիվը նրան արդեն տեսել էր: Ծաղիկն աղաչում էր հովվին, որ նա իշխանին չասի իր թաքստոցի տեղը: Բայց երբ իշխանը գալիս է, հովիվը վախենում է և ասում աղջկա տեղը: Իսկ Ծաղիկն իրեն սարից ցած է գցում, քանի որ չէր ուզում ամուսնանալ իշխանի հետ: Հովիվն ու իր ոչխարները քար են դառնում: Իսկ Ծաղկեվանքը հենց այն քարանձավն է, որտեղ թաքնվել էր Ծաղիկը: Քարանձավում ջուր է հոսում, որը, ըստ լեգենդի, Ծաղիկի արցունքն է: Մոտերքում նաև ոչխարների նմանվող ժայռաբեկորներ կան:

Հետ վերադառնալիս մտանք խնձորի այգիներ ու միանգամից սկսեցինք խնձոր քաղել: Բայց ավտոբուսի վարորդն ասաց, որ խնձորները ներարկված են: Լեոն տխուր-տխուր դեն նետեց քաղած խնձորը ու նորից ավտոբուս բարձրացանք: Ճանապարհին մեկ այլ խնձորի այգի մտանք, որտեղ խնձորները ներարկված չէին ու կարողացանք հանգիստ քաղել և ուտել: Այս այգում հանդիպեցինք նաև մեր կողքի դասարանին:

Հետո արդեն վերադարձանք տուն, դեպի չորս պատ, դեպի մեր սովորական կյանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով